Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի  համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում  հայտնված Հմայակ Հովհաննիսյանի Գազ-31 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան կողոպտել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է  Հայաստանի ոստիկանության Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում: Այժմ մեքենան անշարժունակ վիճակում կայանված է կողոպուտի վայրում:

Ի դեպ, Հմայակ Հովհանիսյանը այս  կողոպուտին քաղաքական ենթատեքստ  է տալիս եւ ասում. «Միանշանակ: Ես այդ թեմայով երկուշաբթի օրը ասուլիս եմ հրավիրելու: Դա մեծ ճնշումներից հետո է եղել: Մեծ  ճնշումներ կան ինձ վրա եւ մեր գրասենյակի դեմ: Եվ այդ ճնշման հետեւում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է կանգնած, ով  տիրացել է մեր գրասենյակի վերեւի երկու հարկերին դրածոների միջոցով եւ հիմա էլ  ցանկանում է  մեր տարածքին տիրանալ»: Հարցին, թե  կողոպտիչը հայտնաբերվել է, թե ոչ, Հովհաննիսյանն արձագանքեց ծիծաղով. «Դուք ինձ ձեռ եք առնո՞ւմ: Այդքան մեծ կարծիքի՞ եք, որ անմիջապես պետք է հայտնաբերվի: Նույնիսկ դեռ գործը չի հարուցվում: Ճիշտ է հաղորդումը իմ ստորագրությամբ ուղարկել էի, բայց ասացին, որ անձամբ պետք է գամ, որ գործ հարուցեն»: