Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվել է Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրում:
Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ քաղաք, որտեղ ձեռք են բերել 8,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Համաձայն պայմանավորվածության, Ա. Տիգրանյանը ոսկեղենը թաքցնելով «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հարեւանությամբ հարմարեցված գաղտնարանում, «Բավրա» մաքսակետով ներկրել է Հայաստանի տարածք:
Ա. Տիգրանյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:




























