Նախընտրական քարոզարշավից արդեն անցել է մեկ շաբաթ։ Այս առիթով NEWS.am-ի թղթակիցը կուսակցությունների շրջանում հարցում է անցկացրել՝ կուսակցություններից անցած շաբաթվա արդյունավետության գնահատականը ստանալու համար։
Պարզվեց, որ ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում խնդիրներ չեն ունեցել։ ՀԱԿ-ի ներկայացուցիչ` Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ սպասում է թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանի հետ բանավեճին։ ԲՀԿ-ն դժգոհություն հայտնեց Գյումրի քաղաքապետի հայտարարությունից եւ Հմայակ Հովհանիսյանի մեքենայի կողոպուտից։ Հանրապետականը նշեց, որ քաղաքացիները նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ անձնական խնդիրներով են կիսվում:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ ԲՀԿ-ն օգտվել եւ օգտվելու է քարոզարշավի ընձեռած բոլոր գործիքներից, կազմավորել է 7 քարոզչական խմբեր, որոնք մինչեւ մայիսի 4-ը հասցնելու են լինել հանրապետության բոլոր մեծ եւ փոքր բնակավայարերում: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այս պահին հանդիպումների, մարզային այցերի առումով խոչընդոտներ չկան, եթե հաշվի չառնվեն այլ հարթության մեջ գտնվող մեղադրանքները կուսակցության հասցեին։ Խոսքը Գյումրիում նախօրեին տեղի ունեցած ողբերգության մասին է, որը առիթ հանդիսացավ, որ Գյումրիի հանրապետական քաղաքապետը մեղադրանքներ հնչեցնի ԲՀԿ-ի հասցեին: «Այստեղ մենք լրջագույն քաղաքական շահարկում ենք տեսնում, եւ ես կարծում եմ պարզաբանումներ, անպայման, կհնչեն պատկան մարմինների կողմից: Արդեն իսկ հնչել են, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա: Այդուհանդերձ պետք է ձեռնպահ մնալ նման կարգի հայտարարություններից: Ավելին` այսօր արդեն Հմայակ Հովհանիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ եւս մտահոգիչ դրվագներ կան: Հետեւաբար` մենք կրկին կոչ ենք անում քաղաքական ուժերին չխախտել կոռեկտության սահմանները եւ չդիմել օրենքից դուրս գործողությունների»,- առաջարկեց Նաիրա Զոհրաբյանը:
Իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավի ընթացքում առանձնանում է մյուս քաղաքական ուժերից նրանով, որ հարցերին վերբերում է ավելի ամբողջական, կոնցեպտուալ` հայեցակարգային առումով: «Մենք մանր մունր կենցաղային խնդիրներին չանդրադառնալով ուղենշում ենք այն տեսլականը, այն հայեցակարգային մոտեցումները, ինչի արդյունքում մյուս քաղաքական գործիչների կողմից մատնանշված խնդիրները լուծվելու են: Իսկ առանձնահատկությունը այն է, որ ժողովրդի եւ տրամադրությունը եւ ընկալումը եւ վերաբերմունքը լիովին տարբերվում է նախորդ ընտրություններից: Թե խոսքի ընկալման, թե գնահատականների, թե՝ պահանջի:»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընտրողների հետ հանդիպումներում կարող են լինել որոշակի պահանջներ, որոնք կենցաղային բնույթի են, եւ դրանց լուծումը կոմպետենտությունից դուրս են: «Սկսած ներընտանեկան խնդիրներից, վերջացրած թաղամասի, մուտքի բարեկարգման խնդիրների մասին են պատմում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյան ասաց, որ ՕԵԿ-ի համար խոչընդոտներ որպես այդպիսին չկան, իսկ այս նախընտրական քարոզարշավը ավելի շատ, ըստ նրա իր հանգստությամբ է աչքի ընկնում, քանի որ մեր քաղաքական ուժերը հանդուրժող են դարձել: Ժառանգության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ դեռ բովանդակություն եւ առավել քան հավասարություն չի տեսնում քարոզարշավում: Իսկ առանձնահատկությունը, ըստ նրա այն է, որ ընդդիմությունը շատ դեպքերում կենտրոնացած է, ոչ թե իր գաղափարները իր ընտրողներին հասցնելով, այլ պետության չկատարած պարտավորությունները մատնանշելով:
ՀԱԿ –ից Վլադիմիր Կարապետյանը նույնպես ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավից, հանդիպումներից, այն ուղերձներից, որ հղում է ժողովրդին: Գոհ է նաեւ, որ մրցակիցը՝ թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանը, համաձայնել է ուղիղ եթերում բանավիճել , բայց սպասում է բանավեճի ժամկետի հստակեցմանը:
«Ռեսուրսների առումով, իշխանական թեկնածուի ռեսուրսները գերազանցում են մի քանի անգամ: Նաեւ ակնհայտ է վարչական ռեսուրսի օգտագործումը մրցակցիս կողմից, ինչը արտահայտվում է վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ կազմակերպովող դահլիճային հանդիպումներով, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում: Անհավասար պայմանների մասին է վկայում նաեւ այն, ո ր ինձ մեկ շաբաթ ուշացումով թույլ տվեցին իմ պաստառը տեղադրել: Բայց այդ ամենի միայն ամրապնդում է իմ վճռականությունը առաջ շարժվելու, ժողովրդի ձայները դեպի ՀԱԿ եւ ՀԱԿ-ի մեծամասնականով թեկնածուին բերելու հարցում»,-ասաց Կարապետյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը էլ ասաց, որ իրենք առանձնահատկությունների մասին վաղուց են խոսել եւ, որեւէ նոր առանձնահատկություն չկա: «Մեր քարոզարշավը շատ բնականոն ընթանում է, որեւէ խնդիր դեռ չունենք, որեւէ խնդրի մասին դեռ վաղ է խոսել: Ընդամենը ժողովրդի հետ բնականոն հանդիպումների մեջ ենք եւ նոր ասելու բան դեռեւս չկա»-ասաց նա:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























