«Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշած „Մեկ ազգ` երկու պետություն“ կարգախոսը ամենևին էլ մակերեսային ու պոպուլիստական չի: Սա իրականում հին պանթուրքիստական ծրագրի նորացված ձևն է»,- ասված է Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիային պանթուրքիստական կամար ստեղծելու ճանապարհին այդքան խանգարող հայկական սեպը Ղարաբաղի հանձնումով անհետ կորելու է հսկայական նոր պանթուրքիստական պարկի հատակին, ինչը չափազանց վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի (Ատրպատականի հատված), Վրաստանի (Աջարիա, Ջավախք) համար: Եվ մեր երկրի բոլոր միջազգային շփումները արտաքին աշխարհի հետ և այդ թվում հնարավոր մուտքը Եվրոպա իրականացվելու է այդ պարկի միանձնյա տիրոջ` Թուրքիայի միջոցով, ինչին աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները ելնելով Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարության անճարակությունից ու թուլությունից, դեմ չեն»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Այսպիսի անմխիթար ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին, եթե Մոսկվայում Սերժ Սարգսյանը ստորագրի նախատեսվող համաձայնությունը, իսկ քիչ անց էլ Անկարայում վավերացնի նախապայմաններով լի չարաբաստիկ հայ — թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզը»,-ասված է հայտարարության մեջ":
«ՍԴՀԿ-ն կոչ է անում ողջ հայ ժողովրդին, ներառյալ արցախահայությանն ու Սփյուռքին պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: ՍԴՀԿ-ն միաժամանակ զգուշացնում է, որ ներկա հանցավոր ռեժիմը տեսնելով, որ իշխանությունը նույն ձևով պահել հնարավոր չէ, կփորձի շուտափույթ ստեղծել նոր կեղծ ընդդիմություն, որը „հայրենասիրական“ դրոշի ներքո կաշխատի փոխարինել ձախողված պետական ջոջերին դրանով իսկ ապահովվելով վերջիններիս վերարտադրությունը իշխանական ղեկի մոտ:
Հայրենակիցներ` վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀԱԿ-ը բազմիցս զգուշացրել էր, որ ոչ լեգիտիմ նախագահը խոցելի է և բնականաբար խամաճիկ է դառնում Մեծ տերությունների ձեռքին: Ցավոք ամեն ինչ ունի իր գինը և այդ գինը վճարելու պահն է եկել. այն է` Հայաստանի և Արցախի անկախությունը: Այս օրհասական պահին կա միայն մեկ լուծում` պահանջել ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականը, քանզի միայն ազգովի ընտրված նախագահն է իվիճակի լուծելու Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրը»,-նշված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վարչության հայտարարության մեջ",- ասված է հայտարարության մեջ:



















