Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում  ապրիլի 13-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես է եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ իր ելույթում դեսպանն անդրադարձել է Եղեռնի հետեւանքներին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարեւորությանը. «Թեեւ աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, ...սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք եւ միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը»,- նշել է նա:

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանությունը եւ ժամանակակից Թուրքիայի կայացումը» (Armenian Genocide and the Making of Modern Turkey) թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուր Ումուտ Ունգորը (Dr. Ugur Umit Ungor): Վերջինս իր ելույթում անդրադարձել է  թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները: