Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը մնացել է նույնը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանի խորհրդական Բազու Բանդին՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին Հայաստանն անվանել է ադրբեջանական հողերի զավթիչ:

«եթե իրանական կողմը ցանկանար տվյալ հարցի վերաբերյալ որեւէ հայտարարություն անել կամ փոխեր իր դիրքորոշումը, Իրանի արտգործնախարարը պաշտոնապես այդ մասին կհայտարարեր»,- ասել է նա:

Բանդիի խոսքով, դեսպանատունը կմեկնաբանի միայն պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը, իսկ այն, ինչ ասվում է ադրբեջանական կայքերում, մեկնաբանությունների հիմք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ համաձայն «APA» գործակալության, Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին հայտարարություն է արել ղարաբաղյան հարցի կապակցությամբ. «Հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից օգտակար կլինի եւ Հայաստանի համար: Իրանը ցանկանում է, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի օգտին: Իրանը մշտապես դատապարտել է օկուպացիան»: