Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրորդ անգամ հրաժարվել է մեկնել Մոսկվա եւ մասնակցել այստեղ անցկացվող ձիարշավին: Նշենք, որ այս ձիարշավի մրցությունը տեղի է ունենում ամեն տարի եւ դա համարվում է ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողով: «Մեր նախագահը նման միջոցառմանը, ինչպիսին ձիարշավն է, չի ծրագրում մասնակցել, այդ պատճառով էլ նա չի այցելի Մոսկվա», -այսօր հայտարարել է Մոսկվայում Բելոռուսի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Իվանովն ու հավելել. «Կարծում եմ մեր նախագահները հնարավորություն կունենան շփվել և ոչ ֆորմալ, և ֆորմալ պայմաններում»: Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Օ. Իվանովը նաև հիշեցրել է, որ այս ամսվա վերջին Ղրղզստանում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ ոչ ֆորմալ գագաթաժողովը, որին ըստ դիվանագետի, Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն կմասնակցի:
Հիշեցնենք, որ հունիսին Լուկաշենկոն արդեն մի անգամ հրաժարվել էր Մոսկվա գնալ` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու` «կաթնային» պատերազմի պատճառով:



























