2011 թվականին հանրապետության մարզերում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալի գրեթե մեկ երրորդն արտադրվել է Սյունիքում, 2011 թվականին հանրապետության հանքագործական արդյունաբերության ծավալի 90 տոկոսն արտադրվել է Սյունիքում: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, Կապանում, նախընտրական քարոզարշավի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«2011 թվականին Սյունիքի մարզում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն ընթացիկ գներով 2001 թվականի եռապատիկն էր:

2010 թվականին Սյունիքում է թողարկվել հանրապետության մարզերում արտադրված մանածագործական արտադրանքի երեք քառորդից ավելին:

2010 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է ընթացիկ գներով ավելի մեծ ծավալով շինարարություն, քան 2000 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում միասին վերցրած:

Շատ ավելի կարեւոր է, որ Սյունիքում դրվում են ապագա զարգացման հիմքերը: 2010 թվականին հանրապետության մարզերում գործարկված հիմնական միջոցների ամենամեծ ծավալը հենց Սյունիքում էր:

Սրանք թվեր են, որոնք մեկ բանի մասին են խոսում: Այն մասին, որ Սյունիքն ուղղում է իր մեջքը, որ մենք վերականգնելու ենք արտադրող Սյունիքի ու արտադրող Կապանի համբավը»,- հայտարարել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սյունեցիների հետ միասին հաղելու են աղքատությունն ու գործազրկությունը: Տղաներին արտերկրից տուն ենք բերելու, որ պաշտպանելու եւ բարձրացնելու ենք Սյունիքը:

Սա աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է ու պիտի դառնա նաեւ ապրելու համար ամենահարմարավետ վայրերից մեկը:»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: