Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե գիտեր, որ հեռուստաբանավեճ Ռուբեն Հայրապետյանի հետ չի լինելու, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճի: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
«Ես Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել եմ, որ հեռուստաբանավեճ ի սկզբանե չի լինելու, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճի:
Ես զգուշացրել եմ, որ իր ցանկությամբ Ռուբեն Հայրապետյանի հետ հեռուստաբանավեճը ուղղակի չի կարող լինել, քանի որ Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում գալ ու մասնակցել հեռուստաբանավեճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել, որ այսօր այդ հաղորդումը, գոնե այդ ձեւաչափով չի լինելու»,- ասաց Ա. Ալեքսանյանն ու հավելեց. «Ինձ համար արդեն պարզ էր, որ հայտնվելով «Արմնյուզ» հեռուստաընկերության դարպասների մոտ, Նիկոլը գիտեր այդ մասին: Բայց հաշվի առնելով այն, որ Նիկոլն արդեն դարպասների մոտ էր, ես եւս մեկ անգամ Ռուբեն Հայրապետյանին հարց ուղղեցի, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ այդ հեռուտաբանավեճի անցկացումը ոչ թե «Արմնյուզի» նախաձեռնությունն է, այլ կողմերի ցանկությունը, որոնցից մեկի բացակայության պատճառով այն չի կարող կայանալ»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արմնյուզ» հեռուստաընկերությունը թույլ չի տալիս իրեն մտնել ներս, Արտակ Ալեքսանյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը չի էլ փորձել մտնել «Արմնյուզի» տարածք: Ինքը գիտեր, որ ինքը հրավիրված չէ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը ժամին` 21:50-ին ներկայացել է «Արմնյուզ» հեռուստաընկերության մոտ, որպեսզի մասնակցի Ռուբեն Հայրապետյանի հետ հեռուստաբանավեճի, սակայն, իր ներկայացմամբ, իրեն նրան թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության տարածք:
«Այս ընթացքում տեղեկատվությունը խեղաթյուրված է ներկայացվում, թե ես Ռուբեն Հայրապետյանին հրավիրել եմ բանավեճի: Ինքն է հրավիրել ՀԱԿ ներկայացուցիչներին` մեզ թողնելով ֆորմատը ընտրելու ձեւը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` հավելելով. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը չի թողնում ինձ ներս: Կոչ եմ անում հայաստանյան հեռուստաընկերություններին ուղիղ եթեր տալ ինձ, ինչպես Ռուբեն Հայրապետյանին: Հայրապետյանը հոխորտաց, հոխորտաց, բայց վերջին պահին վախեցավ եւ հրաժարվեց բանավիճել: Վախեցավ, որ կպարտվեն»:



























