«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտում է թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը, երբ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրաված Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանայք խոչընդոտել են այդ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, ինչպեսեւ մեկ այլ վայրում վերջինի վստահված անձանց կողմից քարոզչանյութերի տարածման ընթացքում նրանց հանդեպ բռնության գործադրումը:
«Մենք նաեւ ցավով արձանագրում ենք, որ այս անհանդուրժողականության եւ փոխբացառման մթնոլորտը եւ քաղաքական գործունեության այս անընդունելի, ոչ-քաղաքակիրթ մեթոդաբանությունը տարիներ շարունակ ներարկվել է մեր հասարակության որոշ հատվածներում»,-ասված է«Ժառանգության» նախընտրական շտաբի հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները: Սկզբում խոչընդոտվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Դրանից հետո՝ ժամը 19-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները փորձել են քարոզարշավը շարունակել Սվաճյան փողոցում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ ակտիվիստներ՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի գլխավորությամբ, թռուցիկներ են բաժանել, երբ մոտ 10-12 ֆիզիկապես պինդ երիտասարդներ հարձակվել են նրանց վրա:
ՀԱԿ ակտիվիստներին հայհոյել են, քաշքշել, խոչընդոտել տեսանկարահանումը: Թեկնածու Բաբկեն Գարոյանը փորձել է կարգի հրավիրել հարձակվողներին, եւ ծեծի է ենթարկվել: Ծեծի արդյունքում կոտրվել է թեկնածուի քիթը, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հարձակվողները նաեւ հարվածել են Գայանե Առուստամյանին: ՀԱԿ-ի շտաբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԹ Ա1 թաղամասում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը: Մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը:
Փաշինյանը դեպքի կապակցությամբ տեղեկացրել էր ոստիկանությանը:
Ավելի ուշ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը): Արդեն այսօր ոստիկանություն է ներկայացել 42-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում ինքն է վիճաբանել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին եւ Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին եւ հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ: Նա նաեւ հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:



























