Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը, ով օրերս Իսրայելի քաղաքականությունը քննադատող իր բանաստեղծությամբ սկանդալի առիթ է տվել, հայտնվել է հիվանդանոցում:
AFP-ի տվյալներով, գրողը գտնվում է Համբուրգի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում: Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով, 84-ամյա Գրասը իրենց մոտ է տեղափոխվել ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ գերմանացի գրողը վերջերս բանաստեղծություն էր հրապարակել, որում կտրուկ քննադատության էր ենթարկում Իսրայելին` Իրանի վրա հարձակվելու ձգտման, ինչպես նաեւ միջազգային հանրությունից իր միջուկային պոտենցիալի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ: Հենց այս բանաստեղծությունն է հարուցել իսրայելական իշխանությունների կտրուկ արձագանքը, որոնք նրան մեղադրել են հակասեմիտիզմի մեջ:
Իսրայելի ՆԳ նախարար Էլի Իշայը հայտարարել է, որ «Գրասի ստեղծագործությունը Իսրայելի եւ իսրայելցիների նկատմամբ ատելություն բորբոքելու փորձ է, ինչպես նաեւ այն գաղափարների շարունակությունը, որոնք նա ընդունել է անցյալում, երբ կրում էր SS-ի զորքերի համազգեստը»:
Գրասի` «Ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը հրապարակվել էր New York Times-ում եւ մի շարք եվրոպական պարբերականներում:




























