Իսպանացիներին զայրացրել է  իրենց թագավոր Խուան Կառլոսի պահվածքը: Միապետը հայտնվել է քննադատության տեղատարափի տակ այն բանի համար, որ որսի էր մեկնել Աֆրիկա, երբ երկիրը գտնվում է ծանր տնտեսական կացության մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հասարակության մեջ աճում է բողոքի ալիքը, իսկ համացանցում նրա հրաժարականի մասին պահանջներ են հայտնվել: Դրա տակ ստորագրել են արդեն 50 հազար մարդ: 

Հիշեցնենք, որ 74-ամյա միապետի Բոցվանա  մեկնելու մասին հայտնի էր դարձել միայն այն բանից հետո, երբ նա կոտրել էր իր ազդրոսկրը: Թագավորին վիրահատություն էր անհրաժեշտ եղել:

Իսպանիան գտնվում է տնտեսական անկման ճիրաններում, որն առաջ է եկել 2008 թվականին սկսված ճգնաժամի արդյունքում: Բացի դրանից, երկիրը գտնվում է  աշխատաշուկայի վերաձեւավորման գործընթացում, եւ, ինչպես կարծում են որոշ  վերլուծաբաններ, այդ գործընթացը կարող է էլ ավելի մեծացնել գործազուրկների քանակը: