Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանի («Ճոյտ») դիմումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից։ Դիմումատուն նշել է, որ իր առաջադրման ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել են Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը եւ Հակոբ Վարշամի Հակոբյանը: «Նշված փաստը կարող է ընտրազանգվածի մոտ եւ հատկապես ծեր ընտրողների մոտ առաջացնել խառնաշփոթ իրավիճակ ու երկու Հակոբ Հակոբյաններին չտարբերելու փաստեր»,- նշել է նա դիմումում՝ շեշտելով, որ նման իրավիճակից խուսափելու համար դիմումատուն խնդրում էր քվեաթերթիկի մեջ երկու Հակոբ Հակոբյանների անվան դիմաց նշել` նրանցից յուրաքանչյուրի մշտական բնակության հասցեն: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` նշված ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների անունները չեն համընկնում, քանի որ քվեաթերթիկում նշվում են նաեւ թեկնածուների հայրանունները, որոնք տարբերվում են: Քվեաթերթիկում թեկնածուի հասցե նշելու հնարավորություն սահմանված չէ:
Նշենք, որ որոշումներն ուժի մեջ են մտնում նիստում հրապարակվելուց հետո` համացանցային կայքում տեղադրվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` օրացուցային երեք օրվա ընթացքում:



























