Լրատվամիջոցներն ավելի շատ պետք է անդրադառնան կուսակցությունների նախընտրական ծրագրերին եւ լրատվական հրապարակումներում հստակ նշեն, թե որ կուսակցությունն ինչ կոնկրետ լուծում է առաջարկում ոլորտ առ ոլորտ։ Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասյան ինստիտուտի փորձագետ Նինա Իսկանդարյանը` ներկայացնելով ինստիտուտի կատարած դիտարկումը լրատվամիջոցների շրջանում:

Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունների ծրագրերը շատ ընդհանրացված են, բացի դրանից ոլորտներ կան, որոնց շատ քիչ է անդրադարձ կատարված ծրագրերում։ «Մամուլի հրապարակումներում նշվում է, որ քաղաքական կուսակցության թեկնածուները խոսք տվեցին, օրինակ, իջեցնել հարկերը, բայց չի մանրամասնվում, ինչի հաշվին են իջեցնում հարկերը, արդյոք այդ դեպքում այլընտրանքային միջոց կա՞ բյուջեն համալրելու»,- ասաց Իսկանդարյանն, ընդգծելով, որ լրագրողները հնարավորություն ունեն դա պարզելու թեկնածուից, սակայն հրապարակումներում այդ մասին նշված չէ։

«Սա շատ կարեւոր է, ես որպես ընտրող չեմ կարողանում կողմնորոշվել, թե որ քաղաքական ուժին կողմ քվեարկեմ, որովհետեւ, ըստ էության՝ բոլորը նույն խոստումներն են տալիս, բայց ինչպես են դա իրականացնելու, չի նշվում»,- ասաց Նինա Իսկանդարյանը։

Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանում ընտրողները թեկնածուին ոչ թե մասնագիտական որակներով են ընտրում, այլ` ընտրությունը կատարում է ըստ «սիմպատիայի»։

«Բերեմ հասարակ օրինակ, երբ մեքենայի սեփականատերը ցանկանում է իր մեքենան նորոգել, տանում է լավ մասնագետի մոտ, ոչ թե նրա մոտ, ով լավ մարդ է։ Իսկ ընտրությունների ժամանակ կատարվում է ճիշտ հակառակը։ Հայաստանում ընտրական կուլտուրան բացակայում է»,- նշեց փորձագետը։

Ըստ փորձագետների՝ կուսակցությունները պետք է ավելի որոշակիացնեն իրենց նախընտրական ծրագրերը՝ ընտրազանգվածին բացատրելով, թե սոցիալական, կրթական եւ այլ ծրագրերն ինչպես են իրագործելու, իսկ կուսակցություններին ընտրական ծրագրերի «բացահայտման» աշխատանքում պետք է օգնեն լրագրողները։