Հոլանդական առաջատար հեռուստաալիքները հաղորդում են, որ այսօր` ապրիլի 17-ի առավոտյան, երկրի թագուհի Բեատրիքսը թագավորական պալատին հարող Դամ հրապարակում ստիպված է եղել 15 րոպեից ավելի սպասել եռօրյա այցով Նիդերլանդներ ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Եղանակային անհարմարությունները բավականին ուժեղ քամին եւ տեղացող անձրեւը այնքան էլ հաճելի չեն եղել դիմավորողներին:
Աբդուլլահ Գյուլը Նիդերլանդներ է ժամանել Նիդերլանդների եւ Թուրքիայի միջեւ պետական հարաբերությունների հաստատման 400-ամյակի կապակցությամբ: Թուրքիայի նախագահն Ամստերդամի քաղաքապետ Վան Դեր Լանի եւ վարչապետ Ռութեի հետ ծաղկեպսակ են դրել Դամ հրապարակի հուշարձանին:
Հետագա օրերին ծրագրավորված են հանդիպումներ թուրք եւ հոլանդացի գործարարների, Սենատի անդամների եւ եվրոպական կառույցներում աշխատող հոլանդացի պատգամավորների հետ:
Գյուլի այցը Նիդերլանդներ միանշանակ չի ընդունվել: Նախօրեին խորհրդարանական «Ազատություն» (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը ասել է. «Լավ կլիներ, որ թուրք նախագահը չայցելեր մեր երկիր»:
Թուրքիայի նախագահի այցն այս երկիր` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 97-ամյակի նախաշեմին, բացասաբար է ընդունվել նաեւ այստեղ ապրող հայերի շրջանում:




























