Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ նյարդային ցնցում ախտորոշմամբ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել է Տիգրան Առաքելյանի ինքնազգացողությունը եւ նա անգամ ուշագնաց է եղել:

Քրեակատարողական հիմնարկների վարչությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ Առաքելյանն իրեն այժմ լավ է զգում:

Ի դեպ, այսօր առավոտյան ՀԱԿ համակիր երիտասարդները դադարեցրել են ՀՀՇ վարչության շենքի մոտ հայտարարված հացադուլը՝ ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Հացադուլավորների թիվը երեկ հասել էր 13-ին, բայց այսօր որոշում է կայացվել բողոքի այլ գործողություններ կազմակերպել:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին կալանավորել էին ոստիկանների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, մինչդեռ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, իսկ ծեծի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: