«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության բաժինը պարզաբանել է լուրերն այն մասին, թե Թեղուտ գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Vallex-ի անվտանգության աշխատակիցները խմած են եղել:

«Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներից վերցվել են արյան համապատասխան փորձանմուշներ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ նրանք միջադեպի ժամանակ ոգելից խմիչքների կամ որեւէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության աշխատակից Սամվել Դավթյանը չի խուսափել իրավապահ մարմիններից, միջադեպից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կատարվել են եւ ներկայումս կատարվում են դատավարական գործողություններ:

Բոլոր շահագրգիռ անձանց եւս մեկ անգամ հորդորում ենք՝ մինչեւ իրավապահ մարմինների կողմից միջադեպի հանգամանքների պարզաբանման հետ կապված դատավարական գործողությունների ավարտը ձեռնպահ մնալ միջադեպի հանգամանքների եւ հետեւանքների վերաբերյալ շտապողական գնահատականներից»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 17-ի գիշերը  երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ «Վալեքս»-ի անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 6 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել:

Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Թեղուտ գյուղի բնակիչների պատմելով, «Վալեքսի» անվտանգության աշխատակիցներն Ալավերդիից օգնության են կանչել կարատեիստների եւ 20 հոգով ծեծի ենթարկել 6 գյուղացիների: