Անցած գիշեր Պերմի հիվանդանոցներում մահացել են քաղաքի զվարճանքի հաստատություններից մեկում բռնկված հրդեհից տուժած եւս 4 հոգի:
Այս կերպ, Պերմի մարզի ԱԻՆ տվյալներով, ողբերգության զոհերի թիվը հասաել է 118-ի: «Վեստիի» փոխանցմամբ, երկրի հիվանդանոցներում, մնում են դեռ 120 տուժածներ: Նրանցից 65-ը բուժման համար տեղափոխվել է Մոսկվա, 28-ը՝ Սանկտ-Պետրեբուրգ, 7-ը՝ Չելյաբինսկ: Բոլոր հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Սանկտ-Պետերբուրգ տեղափոխվածների ցանկում նշված է Պյոտր Անատոլիի Նալբանդյանի անունը: ԱԻՆ տվյալներով, նա 34 տարեկան է, եւ նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Չելյաբինսկի թիվ 6 քաղաքային կլինիկական հիվանդանոցում է գտնվում մեկ այլ հայ: 34-ամյա Էդուարդ Ղազարյանը ներկայումս պառկած է այրվածքաբանական վերակենդանացման բաժնում:
Հիշեցնենք, որ ուժեղ հրդեհը բռնկվել էր «Կաղ ձի» գիշերային ակումբում դեկտեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում: Հրդեհի զոհերի մեջ ամենաերիտասարդները 21 տարեկան էին, իսկ զոհվածների մեծ մասը 70-80-ականն թվականների ծնունդ էին: Նախապես հրդեհի հիմնական վարկած է համարվում սառը հրավառությունը, կազմակերպիչները չէին հաշվարկել հաստատության բարձրությունը, եւ կայծերը հասել էին առաստաղին, որը վայրկենապես բռնկվել էր։




























