Խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար Ստամբուլ տեղափոխված 21-ամյա Նարինեին, ով ինքնասպանություն էր գործել, մինչ Թուրքիա մեկնելը, Հայաստանում ամուսնացել բաժանվել է: Ավելին` Թուրքիայից Հայաստան եկող ընկերներին խնդրել է, որ իր համար էլ գործ գտնեն, որ վերադառնա Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ս.Պ-ն, ով Թուրքիայում է ծանոթացել Նարինեի հետ, սակայն հետագայում տեղափոխվել Հայաստան: Վերջինս, այլ ուշագրավ մանրամասներ էլ հայտնեց: Ըստ այդմ, Նարինեն Հայաստանում ամուսնացել է, սակայն նրա կյանքը հաջող չի դասավորվել եւ 3 ամիս հետո ստիպված է եղել ամուսնալուծվել:  Ս.Պ-ի հիշելով, Նարինեն 2010թ-ին է տեղափոխվել Թուրքիա: Նարինեն պատմել է նաեւ, որ ամուսինը խմող է եղել եւ հաճախ է իրեն ծեծել: Ամուսնալուծվելուց հետո նա գնացել է մոր մոտ` Թուրքիա: Մայրը նախկինում աղախին է աշխատել Հայաստանում, հետո գնացել Թուրքիա աշխատանքի տեղավորվել կաշվե պայուսակների ֆաբրիկայում: Ընթացքում սկսել է  առեւտրով զբաղվել. Թուրքիայից ապրենք է բերել Հայաստան վաճառելու նպատակով, սակայն վերջինս մեծ պարտքեր է ունեցել Հայաստանում: 

Դա է պատճառը եղել, որ Նարինեն մեկնել է Թուրքիա, որ կարողանա աշխատանք գտնել եւ մոր պարտքերը թեթեւացնել:  Ի դեպ, Նարինեի մայրը միշտ գնացել եկել է Թուրքիա, որ վիզան պահպանի: Մեր զրուցակիցը պատմում է նաեւ, որ Նարինեի մայրն էլ է բաժանված եղել եւ Նարինեն ապրել է եղբոր հետ: Մայրը Թուրքիայում մեկ, այլ  մարդու հետ է ապրել:

Նարինեն աշխատանքի է  տեղավորվել մի վարպետի մոտ եւ արդեն կարճ ժամանակում հասցրել է վարպետանալ արծաթագործության մեջ: Նա մեր զրուցակցին պատմել է, որ իր ընկեր թուրք տղան ցանկանում է իր հետ ամուսնանալ: Ս.Պ.-ի ներկայացմամբ, Նարինեն ազատ աղջիկ էր եւ մեկ-մեկ սիգարետ էր օգտագործում: «Լավն եմ մենակ տեսել նրանից, նորմալ հայ աղջիկ էր, մենակ էտ ծխելն էր, էն էլ ասում էր, որ թողնելու է»,- պատմեց Ս.Պ-ն: Բայց այս ամենի ֆոնին Նարինեն խնդիրներ է ունեցել, քանի որ երբ մեր զրուցակիցը նրան պատմել է, որ գալիս է Հայաստան, Նարինեն խնդրել է, որ իր համար էլ գործ գտնի, որ ինքն էլ հետ վերադառնա: Սակայն արդեն Հայաստանում Ս.Պ-ն տեղեկացել է Նարինեի ինքնասպանության մասին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նարինեի եղբայրը՝ Ժորան Ստամբուլի «Ակոս» թերթին պատմել է, թե Նարինեն սիրահարված է եղել Օրհանին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։

Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։ Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել եւ ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով: Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել եւ տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր եւ որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը:Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին: Տեղեկացրել էինք նաեւ, որ Նարինեին սեռական շանտաժի ենթարկելու միջոցով ինքնասպանության դրդած թուրք եղբայրները ձերբակալվել են: Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ` ձերբակալված Օրհան Օքումուշը նշել է, թե մտադիր է եղել Նարինեի հետ ամուսնանալ եւ մի քանի անգամ էլ նրա հետ անկողին է մտել: Օրհանը պնդել է, Նարինեն պատմել է, թե խորթ հայրն իրեն բռնաբարել է, որից հետո նա հրաժարվել է ամուսնանալ Նարինեի հետ: «Ես Նարինեին ասացի, որ չեմ ուզում ամուսնանալ նրա հետ: Դրանից մի քանի օր հետո նա ինքնասպան եղավ»,-ասել է Օրհանը` պնդելով, թե ինքը Նարինեին գաղտնի  մերկ չի նկարահանել եւ շանտաժ չի արել:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը