Եթե շաբաթը մեկ անգամ Վանաձորում լինեն հյուրախաղեր, միեւնույն է, մնացած 6 օրը երիտասարդները ձգտելու են դեպի Երեւան: Այսպես արձագանքեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն դիտարկմանը, որ մարզերի բնակիչները շատ հաճախ ձգտում են մայրաքաղաք, քանի որ մշակութային կյանքը փոքր քաղաքներում բավարար չէ: Նախարարի փոխանցմամբ, խնդիրը լուծելու համար պետք է մարզերում կառույցներ ձեւավորվեն, որոնք մշակույթի ամենօրյա սպառումը կբավարարեն: «Սա է միակ ճանապարհը, որով մենք կփակենք այդ խնդիրը»-ասաց նա, հավելելով, որ այդ խնդիրը մարզերում այսօր էլ առկա է: 

Ըստ Հասմիկ Պողոսյանի, տարիների հետ համեմատած շատ ավելի ակտիվ են հյուրախաղային ու տարբեր մշակութային ծրագրերը, որոնց ծավալներն, ըստ նրա, ակնհայտորեն մեծացել են, բայց դեռ հեռու են բավարար լինելուց:

Նա ընդգծեց, որ վարչապետից կա հրաման` ընդլայնել մշակութային ազդեցությունը մարզերում: «Ես կարծում եմ, որ 2013թ-ի բյուջեն լինելու է ակնհայտորեն շատ շահեկան մարզերի համար, այսօր շատ ավելի շեշտադրում է արվում կամ հյուրախաղերի ծրագրերի վրա, կամ մշակութային կրթությունը տեղերում կազմակերպելու համար: Ես կարծում եմ, որ ծրագրերի ընդլայնման իմաստով 2013 թ-ը շահեկան առաջընթաց է լինում, հարկ է նշել, որ մարզային ծրագրերը 2007թ-ից ըստ էության նոր սկսեց գործել, մինչ այդ նպատակային ծրագրեր մարզերում աշխատելու վերաբերյալ ըստ էության չկար, եւ այսօր շատ խնդիրներ լուծվեց շնորհիվ այդ մարզային ծրագրերի»,-ասաց նա: