Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ամփոփիչ ասուլիսում ասել է այն, ինչ մշտապես, այսինքն՝ Թուրքիան չի կարող անմասն մնալ ղարաբաղյան հարցում, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կապված են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների հետ: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, Անկարան չէր խառնվում ղարաբաղյան հարցին, քանի դեռ չէին պատրաստվել հայ-թուրքական արձանագրությունները, այսինքն՝ մինչեւ 2009թ. մարտը: Միեւնույն ժամանակ Մանոյանը անհասկանալի է համարել Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիայի իշխանությունները չեն կարող խառնվել խորհրդարանի աշխատանքին եւ արձանագրությունների վավերացում պարտադրել: Քաղաքական գործչի կարծիքով, իշխանական կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, իսկ նման հայտարարույթուններն արվում են պատասխանատվությունից խուսափելու համար: «Այսինքն, եթե իշխանությունները որոշեն, խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, բայց իրենք դա չեն ցանկանում՝ դրանով պահելով ղարաբաղյան հակամարտության լուծման վրա ճնշման լծակները»,- նկատել է Մանոյանը՝ հիշեցնելով, որ քվեարկությունը Թուրքիայի խորհրդարանում փակ, գաղտնի է լինելու:

Մեկնաբանելով փաստը, որ Օբաման անպատասխան թողեց Էրդողանի՝ հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների կապված լինելու մասին հայտարարությունը, Մանոյանը չբացառեց, որ կողմերը որոշակի պայմանավորածությունների են հանգել:

Նշենք, որ ՀՅԴ-ն, որ ապրիլին արձանագրությունների պատճառով լքեց կոալիցիան, պասիվ է արձագանքում կատավող իրադարձություններին: Այսպես, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չպատասխանեց NEWS.am-ի թղթակցի հարցերին, Արծվիկ Մինասյանը նշեց, թե ծանոթ չէ այդ հայտարարությանը, իսկ Լիլիթ Գալստյանը շտապում էր Չարենցի տուն-թանգարան:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին Էրդողանը Վաշինգտնում հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները չեն կարող խառնվել խորհրդարանի աշխատանքին եւ լուծում պարտադրել: «Բայց մինչեւ այդ հարցը խորհրդարանական հանձնաժողովներում քննարկելը Թուրքիան ցանկանում է դրական առաջընթաց տեսնել ղարաբաղյան հարցում եւ Մինսկի խմբի ջանքերում»,- ասել էր նա: