2012թ առաջին եռամսյակն ԱԺ մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին նախորդող եւ մասսամբ էլ ընտրարշավը ներառող ժամանակաշրջան է, որը լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման առումով հարաբերական հանդարտությամբ աչքի ընկավ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Ներկայացնելով ԽԱՊԿ-ի եռամսյակային զեկույցը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2012թ հունվար-մարտ ամիսներին նվազել են լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների դեպքերը, նախորդ եռամսյակում գրանցվել է նման 6 դեպք, երբ 2011թ նույն շրջանում այդ թիվը 15 է եղել:

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքեր չեն գրանցվել, ըստ որում՝ նախորդ տարի եւս նույն ժամանակաշրջանում նման դեպքեր չկային: Առհասարակ, նրա խոսքով, ֆիզիկական բռնությունների դեպքերի նվազում է նկատվում, ինչը պայմանավորված է թե նախընտրական շրջանով, երբ տարբեր տեսակի մոնիթորինգներ են իրականացվում, թե քաղաքական գործիչների ավելի զգուշավոր դառնալու հանգամանքով:

Նրա փոխանցմամբ՝  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝  խիստ նվազել են դատական հայցերի թիվն ընդդեմ լրատվամիջոցների, այս անգամ գրանցվել է ընդամենը մեկ դեպք («Կյանքի խոսք» կազմակերպությունն՝ ընդդեմ «Իրավունք» շաբաթաթերթի)՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 դեպքի փոխարեն: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ 2011թ 34 դատական գործերից  18-ը հանգուցալուծվել է: Հունվար-մարտին տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 5  դեպք է գրանցվել, որը մեկով պակաս է նախորդ տարվանից:  ԽԱՊԿ-ն նախորդ եռամսյակում նաեւ մարզային երկու լրատվամիջոցներից ահազանգեր է ստացել պետական գործիչների կողմից գործադրվող ճնշումների վերաբերյալ:

Աշոտ Մելիքյանը նաեւ նշեց, որ 2012թ առաջին եռամսյակում առավել ընդգծված դրսեւորվեց տպագիր լրատվամիջոցների տնտեսական դժվարին կացությունը՝ գովազդատուների քաղաքական նախընտրությունների համատեքստում: Մասնավորապես, նրա խոսքով, տարեսկզբից  ֆինանսական խնդիրների պատճառով դադարեց լույս տեսնել «Հետք» շաբաթաթերթը,  դժվարին իրավիճակում էր հայտնվել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը թերթի առցանց տարբերակով դիմում էր ընթերցողներին՝ օրաթերթի հրատարակչի հաշվեհամարին ամսական 660 դրամ փոխանցելու խնդրանքով:

Այս ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ի ղեկավարը առանձնացրեց նաեւ մի քանի օրենսդրական գործընթացներ, որոնք առնչություն ունեն լրատվամիջոցների հետ, մասնավորապես՝ ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգի ընդունումը, ապա դրանում փոփոխություններ մտցնելը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի ընդունումը, փոփոխություններով եւ լրացումներով «Հեռուստատեսության եւ ռադիո մասին» օրենքի շրջանառության մեջ դնելը: