Հմայակ Հովհաննիսյանը չի բացառել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ զենք է եղել, եւ VERTU հեռախոս:

ԲՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված քաղաքագետը այսօր` ապրիլի 20-ին լրագրողների հետ զրույցում նշել է. ««Հիմա մի կողմում հեռախոս է եղել, մյուսում` զենք, Գագիկ Ծառուկյանն ի՞նչ իմանար, որ կողմն էին նկարելու»:

Ըստ Հովհաննիսյանի, այսօր մեր երկիրն անվտանգ չէ, քաղաքական գործիչը պաշտպանված չէ ոտնձգություններից: «Մի երկրում, որտեղ լիսկաներ կան, որոնք արդեն փորձում են զավթել Երևանի կենտրոնը, ինչպես կարող է քաղաքական գործիչը հրաժարվել օրինական զենք կրելու իրավունքից: Ինքը զենք կրելու իրավունք չունի՞: Նորից եմ ասում, որ շատ հնարավոր է, որ դա եղել է հեռախոս, այլ ոչ թե` զենք»,- ասել է քաղաքագետը եւ հավելել, որ ինքն էլ պատգամավոր եղած ժամանակ միշտ զենք է կրել: Ավելին, ըստ քաղաքագետի, միւշտ զենք է կրել նաեւ Հայաստանի լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Քաղաքագետը նաեւ կարծում է, թե սա այն հարցը չէ, որ այդքան ուշադրության է արժանի, թեեւ առիթ է եւս մեկ անգամ արձանագրելու, որ «մեր երկիրն ապահով երկիր չէ»: