Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` ապրիլի 20-ին, քննության է առել պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Մասնավորապես, թեկնածու Վ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա համար օրենքով սահմանված համաձայնությունը:

Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Թիվ 2 ԸԸՀ-ի նիստում թեկնածու Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից չներկայացվեց որեւէ ապացույց առ այն, որ թեկնածուն դիմել եւ ստացել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համաձայնությունը, ինչը պարտադիր պայման է: Հետեւաբար, վարույթի տրամաբանական ելքը պիտի լիներ թեկնածու Ս. Ֆարմանյանի դիմումի բավարարումը եւ, արդյունքում, թեկնածու Վ. Կարապետյանի կողմից օրենքի խախտումով փակցված պաստառների հեռացումը: Թեեւ դա իրավական տեսանկյունից կլիներ միակ ճիշտ լուծումը, սակայն քարոզարշավում հավասար մրցակցության իմաստով թեկնածու Վ. Կարապետյանի համար կստեղծեր լրացուցիչ բարդություններ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` թեկնածու Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչը հայտնեց հանձնաժողովին, որ հրաժարվում է ներկայացված դիմումից, որից հետո հանձնաժողովը որոշում կայացրեց կարճել հարուցված վարչական վարույթը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ թեկնածու Վ. Կարապետյանի լիազոր ներկայացուցչի կողմից պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանի դեմ ներկայացված նույնաբովանդակ դիմումը հանձնաժողովը մերժեց, քանի որ, ի տարբերություն թեկնածու Վ. Կարապետյանի, պատգամավորության թեկնածու Ս. Ֆարմանյանը սահմանված կարգով ստացել էր պաստառները փակցնելու համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում է Ս. Ֆարմանյանի նախընտրական շտաբը»: