Հոկտեմբերի 17-ին, Տավուշի մարզում 83-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ բռնաբարած 26-ամյա Արեն Սարուխանյանին Տավուշի մարզի 1-ին ատյանի դատարանը` նախագահությամբ Ռաֆիկ Մելքոնյանի, արագացված դատավարությամբ դատապարտել է 5 տարի` 5 ամիս ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ռաֆիկ Մելքոնյանի օգնական Անուշիկ   Կոստանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սարուխանյանն ընդունել է իր մեղքը, սակայն դժգոհել է, որ պատիժը խիստ է, հետեւաբար դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան  եւ ավելի մեղմ պատիժ է ակնկալում: Սակայն բողոքարկման վերաբերյալ դեռ նորություններ չկան:

Նշենք, որ Արեն Սարուխանյանը  ծնվել է Լոռիի մարզի Լեջան գյուղում, սակայն վերջին դեպքից  5 տարի առաջ նա բնակության վայրը փոխել է: Ներկա պահին վերջինս պատիժը կրում է  Վանաձոր քրեակատարողական հիմնարկում:

Ինչ վերաբերում է տատիկին, նրա բնակության վայրից տեղեկացանք, որ նրա, թե առողջական, թե հոգական վիճակը լավ է: Հասկանալի պատճառով չենք նշում տատիկի բնակության վայրը եւ ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 17-ին, Տավուշի մարզում 83-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ բռնաբարած 26-ամյա Արեն Սարուխանյանը նախկինում եւս մեկ անգամ դատապարտվել է հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով:

Նշվել էր, որ  հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 26-ամյա Արեն Սարուխանյանը ներխուժել էր տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ: Նույն օրը, բռնաբարություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արեն Սարուխանյանը:

Վերջինս մեկ անգամ արդեն ազատազրկման դատապարտվել է 2009 թվականին, հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Սարուխանյանն ազատազրկման էր դատապարտվել 3 տարի 15 օր ժամկետով, սակայն այս տարի համաներմամբ ազատ էր արձակվել: