Երեւանյան գրախանութներում ամենամեծ պահանջարկը ունի մանկական գրականությունը: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները գրախանութներում: Իսկ թե որն է հաջորդում մանկական գրականությանը, տարբեր գրախանութներում տարբեր պատասխաններ հնչեցին:

Այսպես. «Բուկինիստ» գրախանութում, ըստ պահանջարկի, երկրորդ հորիզոնականում գեղարվեստական գրականությունն է, ինչպես նաեւ հնատիպ գրքերը, դրանց  հաջորդում է մասնագիտական գրականությունը:  Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Բուկինիստ» գրախանութի աշխատակից Անին: Նրա խոսքով` հաճախորդների թիվը տարեցտարի աճում է, հին հաճախորդներին ավելանում են նորերը: Առավել ակտիվությամբ աչքի են ընկնում ծնողները, ովքեր գնում են մանկական գրականություն երեխաների համար, ինչպես նաեւ 25-ից բարձր տարիք ունեցող տարբեր ոլորտների  մասնագետներ: «Եթե կանայք գնում են գիրք նվիրելու համար, ապա տղամարդիկ` կարդալու»,- նշեց նա` հավելելով, որ Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ այս գրախանութում աշխուժություն նկատվել է:  «Բուկինիստում» ամենաէժան գիրքը մանկական հեքիաթներն են, որն  արժե 70 դրամ, իսկ ամենաթանկը` 500 հազար դրամ արժողությամբ հնատիպ գիրք է:

«Նոյան տապան» գրքի եւ գրենական պիտույքների առեւտրի տնից աշխատակցուհի Նարինեն NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ պահանջարկի առումով մանկական գրականությանը հաջորդում է հայ եւ արտասահմանցի դասականների գրքերը, ապա` մասնագիտական գրականությունը: Նրանց հաճախորդները 20-45 տարեկան կանայք եւ տղամարդիկ են: Տոնի կապակցությամբ, ի տարբերություն նախորդ գրախանութի, այստեղ առանձնակի ակտիվություն չի նկատվել: «Նոյան տապանում» եւս ամենաէժան գիրքն արժե 100 դրամ, իսկ ամենաթանկը` Վատիկանի ալբոմն է` մոտ 60 հազար դրամ:

Հայ տպագրության սկզբնավորող Հակոբ Մեղապարտի անունով կոչվող «Հակոբ 1» գրքերի եւ գրենականների խանութի տնօրեն Գոհարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մանկական գրականությունից հետո իրենց հաճախորդների շրջանում ամենամեծ պահանջարկն ունի սիրո վերաբերյալ գրքերը, ապա` մեթոդական գրականությունը: Օրինակ`  քննություններին պատրաստվելու համար ուսանողները  շատ են այցելում դասագրքեր կամ այլ  հանձնարարված գրականություն գնելու համար: Այստեղ ակտիվ հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմում մինչեւ 16 տարեկան աղջիկները:

Այս գրախանութում ամենաէժան գիրքը եւս մանկական հեքիաթներն են` 100 դրամ, ամենաթանկը` հանրագիտարանները եւ երգող գրքերը` մինչեւ 10 հազար դրամ: «Սովետական տարիներին գիրքը հացից մեծ պահանջարկ ուներ, հետո կտրուկ անկում ապրեց, հիմա կամաց-կամաց գրքի նկատմամբ հետաքրքրությունը զարթոնք է ապրում, հաճախորդների թիվը սկսում է աճել, թեեւ նախկինի պես չէ»,- նշեց տնօրենը` սրանում տեսնելով նաեւ «ինտերնետի մեղավորությունը»: Այստեղ եւս չեն զգացել «Երեւանը` գրքի մայրաքաղաք» տոնի առկայությունը, հաճախորդների առումով առանձնապես աշխուժություն չի նկատվել, փոխարենը` գրախանութը փոքրիկ միջոցառում է կազմակերպել` խրախուսելու իր ամենագրքասեր եւ ամենալավ ասմունքող երկու հաճախորդների, որոնց էլ գրքեր կնվիրի:

«Էյ սի դի բուկս» գրախանութի աշխատակից Շուշանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց խանութը մասնագիտացած է արվեստի, ճարտարապետության, եւ դիզայնի առումով, ուստի երկրորդ հորիզոնական հենց այդ գրքերն են զբաղեցնում, ինչպես նաեւ Հայաստանի մասին գրքերը: «Քանի որ գրախանութը գտնվում է Գեղարվեստի ակադեմիայի հարեւանությամբ, ուստի  ուսանողները շատ են մտնում, բայց գնորդները միջին տարիքի մարդիկ են, մտահոգված ծնողներ, տատիկներ, պապիկներ, ովքեր ուզում են էկրանից պոկել երեխաներին եւ վերադարձնել գրքին»,- ասաց աշխատակցուհին: Այստեղ ամենաթանկը «Հայկական տարազ» գիրքն է,  ոսկեփայլ եւ արծաթափայլ շապիկով այս գիրքն արժե 50 հազար դրամ, իսկ հեքիաթների գրքերի գները սկսվում են 250 դրամից:

Մեկ այլ` «Ռուսական գրքի տնից» աշխատակից Լիանան նշեց, որ մանկական գրականությանը հաջորդում են մասնագիտական գրքերը, մասնավորապես` հոգեբանական եւ փիլիսոփայական: Մեծ է պահանջարկը նաեւ գեղարվեստական գրականության, արվեստի գրքերի նկատմամբ: Լիանայի փոխանցմամբ` հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմում ինչպես ուսանողները, ովքեր սովորաբար գնում են որեւէ հեղինակի կոնկրետ գիրք քննություններին պարապելու համար, այնպես էլ բարձր տարիքի կանայք եւ տղամարդիկ: Իսկ ծնողները հիմնականում գնում են հեքիաթներ եւ այլ «զարգացնող» գրքեր երեխաների համար: Ռուսալեզու գրականություն վաճառող այս գրախանութում ամենաէժան գիրքն արժե 1500 դրամ, ամենաթանկը` 15 հազար դրամ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում գրախանութների թիվը, նախորդ` 2010թ համեմատ, պակասել է 4-ով: Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ ներկայումս Երեւան քաղաքում գործում են 43 մեծ ու փոքր գրախանութներ։ Գրախանութների փակման մասին պարբերաբար ահազանգում են  գրողները, մտավորականները:  Նշենք, որ ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օր: Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է 2012թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը եւ այլ: «Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.: Երեւանն այս տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչեւ 2013-ի ապրիլի 22:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը