Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն, ապրիլի 22-ին, մասնակցել է Չեխիայի Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը եւ «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետեւ «Սուրբ Հոգի» եկեղեցում, ուր ներկա էին հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարել է հոգեհանգստի ծեսը, ելույթներ են ունեցել դեսպան Սեյրանյանը եւ Ալեքսանդր Սարգսյանը:
Միջոցառումը շարունակվել է եկեղեցու եւ խաչքարի շուրջ տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:


























