ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, այսօր` ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 20:30-ին, տեղի կունենա  մոմավառություն` ի հիշատակ 97 տարի առաջ զոհված 1.5 մլն հայերի:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախօրեին ԵՊՀ ուսանողական խորհուրդը արդեն երկրորդ տարին է` կազմակերպում է մոմավառություն, որին մասնակցում են տարբեր ֆակուլտետների մի քանի տասնյակ ուսանողներ:

Ոգեկոչման արարողությունն արդեն նաեւ ԵՊՀ-ի պատերի ներսում է արվում: Յուրաքանչյուր ուսանող մոմ է դնում ճեմասրահի աստիճանների վրա, եւ ավելի քան 400 վառվող մոմերով կստացվի 97 թիվը եւ խաչ, որի մոտ հոգեհանգստյան արարողություն կկատարեն հոգեւորականները` բուհերի ուսանողների ու երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագի մասնակցությամբ:

Մոմավառությանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 24-ի առավոտյան, ԵՊՀ ղեկավարությունը, ուսանողությունն ու դասախոսները, ավանդույթի համաձայն, կայցելեն Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի: