Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու եւ երկկողմ կապերն ամրապնդելու համար»:
Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձեւավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ: Խոսելով գործարար կապերի հաստատման վերաբերյալ՝ Միլանի նահանգապետը տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շրջանակներում Հայաստան է ժամանելու իտալացի գործարարներից կազմված մեծ պատվիրակություն:
Այս համատեքստում, զրուցակիները քննարկել են մեր երկրում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման եւ ներդրումային այլ ծրագրերում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում իտալական կողմից ներդրումների հնարավոր ներգրավմանը, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացմանը եւ կապերի հաստատմանը:



























