Օրերս «Զանգակ» հրատարակչությունում լույս է տեսել հանրահայտ իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» եւ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի հայերեն թարգմանության հրատարակությունը («Արտույտների ագարակը» առաջին հրատարակություն` Երեւան 2007): Հրատարակությունն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Երեւանը գրքի մայրաքաղաք 2012» միջոցառումների շրջանակում:
Ի տարբերություն «Արտույտների ագարակը» վեպի, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն թարգմանություններից հետո, այսօր «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը աշխարհում առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար:
Անտոնիա Արսլանը եղել է իտալական արդի եւ ժամանակակից գրականության պրոֆեսոր Պադովայի համալսարանում: 2004 թ. նա գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը հեղինակին բերեց համաշխարհային ճանաչում:
2009 թ. լույս տեսավ Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը, 2010 թ.՝ ˝Ishtar–2. Cronache del mio risveglio˝ հուշագրությունը, 2011 թ.՝ ˝Il cortile dei girasoli parlanti˝ վեպը, եւ 2012 թ.՝ ˝Il libro di Mush˝ վեպը, որն իտալահայ հեղինակը հյուսել է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագրի փրկության պատմության շուրջ:
Սոնա Հարությունյանն «Արտույտների ագարակը» եւ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի թարգամանությունը կատարել է բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, որն, ի շարս բազմաթիվ գիտական հրապարակումների Դանտեի հայերեն թարգմանությունների շուրջ, հայ ընթերցողին հայտնի է «Հայերի Վենետիկը» գրքի թարգմանությամբ, որի հատուկ պատրաստված օրինակը 2011 թ. դեկտեմբերի 14-ին հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առթիվ Սուրբ Ղազար կղզում հանգրվանած Մխիթարյան Մայրավանքում Սոնա Հարությունյանը պատիվ ունեցավ ընծայելու աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:




























