Վերջին օրերին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչներին թերթիկների միջոցով հայտնում են, որ Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը պատրաստ է աջակցել 2011թ.-ի կարկուտից տուժած հողատերերին` իրենց ունեցած վարկերը սառեցնելու, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող բոլոր գյուղացիներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար: Ինչպես նաեւ առաջարկվում օգնություն ստանալու համար դիմել գյուղապետարան:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը, սակայն չկարողացավ նշել, թե մինչ օրս քանի բնակիչ է օգտվել այդ առաջարկությունից: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Բամբակաշատ գյուղն ունի 2662 ընտրող, սակայն նրանց թվում կան նաեւ արտագաղթածներ, հետեւաբար` ընտրություններին, ըստ նրա կմասնակցի մոտավորապես 1800 ընտրող:
Հարցին, թե բնակչության տրամադրվածությունը հաշվի առնելով, իր կարծիքով, իշխանությա՞ն թեկնածուն կհաղթի, թե` ընդդիմության, նա պատասխանեց. «Դե մենք իշխանամետ ենք, իշխանության կողմից ենք, իշխանությունը կհաղթի»:
Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը թիվ 21 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն է, ում դեմ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ-ի անդամ Սեդրակ Հովհաննիսյանը, իսկ անկուսակցական Մերուժան Մխոյանը ծեծի ենթարկվելուց հետո հանել է իր թեկնածությունը:




























