Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, ապրիլի 22-ի երեկոյան, տանը կախված վիճակում հայտնաբերված 9-րդ դասարանում սովորող 15-ամյա աղջնակի  գործով քրեական  օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով զբաղվող քննիչ Աշոտ Մելքումյանը:

Հարցին, թե հարուցված քրեական գործից կարելի՞ է ենթադրել, որ աղջկան  դրդել են ինքնասպանության, նա պատասխնեց. «Ոչ, ընդամենը այդ փաստով հարուցվել է քրեական գործ: Մնացածը նախաքննությունից հետո պարզ կդառնա»:

Այդուհանդերձ, NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ աշակերտուհին Է. Հ.-ն է, ով սովորում է Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Դպրոցի տնօրեն Արմինե Փանոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Է.-ն անբասիր վարքի տեր աշակերտուհի էր: Նրա խոսքով, նրանք ընտանիքում 4 երեխա են` 3 քույր մեկ եղբայր: Հարցին, թե աղջիկը սոցիալապես անապահով ընտանի՞ք էր, տնօրենն արձագանքեց. «Չէի ասի շատ ծայրահեղ, բայց սովորական աշխատող, արարող ընտանիք էր»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է, որ ինքնասպանությունը կատարվել է սիրո հողի վրա, ինչին տնօրենն արձագանքեց. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ բացառել»: Արմինե Փանոսյանի խոսքով, որքանով  որ ինքն է տիրապետում  ինֆորմացիային, գլխավոր վարկած էլ չկա, թե ինչը կարող էր աշակերտուհուն դրդել ինքնասպանության: Նա հավաստիացրեց, որ Է.-ն ծնողների հետ եւս խնդիրներ չի ունեցել, քանի որ նորմալ ընտանիքում է  մեծացել:

Դիտարկմանը, թե գուցե աղջիկը դասընկերների հետ է կիսվել, տնօերնն ասաց. «Գիտեք, սա այնքան մեծ հարված էր, թե ինձ, թե դասընկերների համար, որ նման հարցադրումներն այս պահին տեղին չեն: Բայց առեւրեւույթ ինչ-որ բան չկար»:

Ի դեպ, Չարենցավանում ասում են, որ Է.-ն շատ գեղեցիկ աղջնակ է եղել: Նրա մի քույրը սովորում է ԵՊՀ-ում, իսկ մորաքույրն աշխատում է Չարենցավանի քաղաքապետարանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմռկեցուցիչ ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: NEWS.am-ին հասած տեղեկություններով, ապրիլի 22-ի երեկոյան ինքնասպանություն է գործել 15-ամյա մի աղջնակ, ով սովորում է 9-րդ դասարանում: Ծնողները նրան գտել են տանը՝ կախված վիճակում: NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նա իր վարքով երբեք աչքի չի ընկել, հակառակը գերազանցիկ սովորող խելացի աշակերտ է եղել ու շատերը զարմացած են իր այդ քայլից: Մեր աղբյուրի փոխանցմամբ աղջիկը հրաժարվել է ծնողների հետ տանից դուրս գալ՝ պատճառաբանելով, թե կմնա տանը եւ կպարապի, սակայն, երբ նրանք վերադարձել են, երեխայի դին կախված վիճակում են գտել: