Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը:

«ՀՀԿ եւ Սամվել Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկելով եւ սադրիչ հայտարարություններ տեղալով Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը:

Օրինակելի  եւ քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից` տեղի ունեցած քաշքշուկի եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը, վկայում է, որ միջադեպը ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության եւ նրա թեկնածուի կողմից»,- ասված է հայտարարության մեջ: