Երկիրը տարբեր տեսակի աղբից ու կոռուպցիոն երեւույթներից մաքրելու մեխանիզմը մեկն է, քաղաքական կամք ես դրսեւորում, օրենքը վերցնում ես եւ իրականացնում: Այս մասին, ապրիլի 23-ին, քարոզարշավի շրջանակում Վանաձոր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մեխանիզմը միայն դա է, այսինքն եթե մարդն այսօր հանցագործություն է կատարել, պետք է պատժվի դրա համար: Տվյալ դեպքում խոսքը ստվերային տնտեսության մասին է. եթե նա այսօր պետությունից գողանում է, միանշանակ հարկ չի մուծում, դրա պատճառով մարդն ստանում է շատ ցածր թոշակ ու աշխատավարձ: Եթե գործատուն այսօր մարդուն 2-5 անգամ քիչ աշխատավարձ է տալիս, դա արդեն օրենքի խախտում է, պետության ղեկավարը հենց դրա համար է ղեկավար, որ այս ամենը ժամանակին կանխի, այստեղ որեւէ բարդ խնդիր չկա, մարդկանց ուղղակի սովորեցրել են, որ սա շատ բարդ է, ու անհնար է համակարգը փոխել»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով իրենց հետ հանդիպման եկած քաղաքացիների սակավությանը, Դեմկուսի ղեկավարն ասել է,  որ բնակիչներն իրեն հայտնել են, որ «զանգ են տվել ու ասել, որ թույլ չեն տալիս գալ հանդիպման, որովհետեւ տնօրենը ասել ա, որ եթե գնաք, ուրեմն աշխատանքից կազատենք եւ այլն»: «Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ վիճակ է այսօր, իրենց թվում է, թե այսկերպ ձայներ են հավաքում, բայց հակառակը, իրենք այսկերպ ձայներ են կորցնում: Ոչ թե մեր ձայներն են քիչ, այլ մարդիկ ահաբեկված ու հուսահատված են, կամ ուղղակի անտարբեր, բայց մենք գիտենք, որ օր-օրի ավելանում են մեր կողմնակիցները, եւ նրանք, ովքեր մեր կողմնակիցներն են, վստահելի մարդիկ են»,-ընդգծել է Ա. Սարգսյանը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, թե քանի՞ տոկոսի շեմը կհատի կուսակցությունն ընտրությունների ժամանակ, Արամ Սարգսյանը պատասխանել է. «Եթե ընտրողը գա ու քվեարկի ազատ պայմաններում, ապա շատ բարձր տոկոս կստանանք, բայց եթե պայմաններն այսօր արդեն իսկ հավասար չեն, ես չեմ կարող ասել, թե որքան»:

Անդրադառնալով տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիոլոգիական հարցումներին, ՀԴԿ ղեկավարը նկատել է. «Պատվեր են ստանում, եւ էդ պատվերն են կատարում, մեկը մի թիվ է ասում, մյուսը` այլ թիվ»: Նրա խոսքով, իրենց կուսակցությունը այս պահին 6 տոկոսը հաղթահարում է, ու շատ հնարավոր է, որ եթե այսպես ակտիվ շարունակեն, 10 տոկոս էլ ունենան, եթե այն պայմանները լինեն, որոնք թույլ են տալիս մարդուն ազատ իր կամքն արտահայտել: