Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են կայացել Ղազախստանում, Վրաստանում եւ Բրազիլիայում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղել են պսակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ եւս զետեղվեցին  ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցիում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ: Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:

Իսկ Վրաստանում ապրիլի  23-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» եւ «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ խաղաղ հանրահավաք անցկացվեց Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ:

«Ոչ ցեղասպանությանը» եւ «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպեցին ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի եւ ավանդական պարի լուռ կատարմամբ: Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին հանձնեցին անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել եւ դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:

Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը, Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացավ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում: Միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արմեն Բայանդուրյանը եւ Հարություն Հովհաննիսյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգեւոր դասի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Բրազիլիայում: Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական եւ աշխարհիկ բոլոր  միությունների եւ կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ եւ բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ: Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս բերել ցեղասպանության դրվագները պատկերող եւ նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ,  երեք հազար պոստերներ եւ հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին: Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առեւտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր: Ավելի քան երկու ժամ տեւած քայլարշավի դադարներին տեղի էին ունենում ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու  հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության,   ինչպես նաեւ համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թեւի, վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ մատուցվել են նաեւ Հայ կաթողիկե եւ Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում: