Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել: Հացադուլը հայտարարվել է դեռեւս ապրիլի 20-ին, հաղորդել է նրա պաշտպաններից մեկը` Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն: 

Նրա խոսքով` ապրիլի 20-ին, երբ Տիմոշենկոյին Կաչանովի գաղութից տեղափոխել են Խարկովի հիվանդանոց, նրա հանդեպ բռնություն է կիրառվել, քանի որ բանտարկյալը հիվանդանոց պառկելու համաձայնություն չի տվել:

Համաձայն պատգամավորի հաղորդման`  գաղութի աշխատակից երեք տղամարդիկ մտել են իր պաշտպանյալի խուց, նրա վրա ծածկոց են նետել եւ սկսել են քաշքշել մահճակալից: Այդ ընթացքում նախկին վարչապետը որովայնին հարված  է ստացել, կորցրել գիտակցությունը` ուշքի գալով միայն հիվանդասենյակում:

Վլասենկոն պնդում է, որ նախկին վարչապետի ձեռքերն ամբողջովին պատված են կապտուկներով, իսկ փորի վրա հսկայական հեմատոմա է, որը մինչ այսօր տեսանելի է, թեեւ արդեն չորս օր է անցել:

 Ըստ նրա տվյալների` Տիմոշենկոյի մոտ մարմնական վնասվածքների առկայությունը գրանցել է դատաբժշկական փորձագետը հերթապահ բժշկի, դատախազի վերահսկիչի եւ Կաչանովի գաղութի բժշկական բաժնի ղեկավարի  ներկայությամբ: Տիմոշենկոյի հացադուլը բողոք է այն բանի դեմ, ինչ կատարվում է երկրում եւ անձամբ իր հետ` ազատազրկման վայրում, ավելացրել է պատգամավորը, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին: 

Նախկին վարչապետը  Խարկովի հիվանդանոցում մնացել է երկու օրից էլ քիչ:  Ապրիլի 22-ին նա տեղափոխվել էր նորից հետ գաղութ, քանի որ, ըստ իշխանությունների հաղորդման, հրաժարվել էր բուժզննումից եւ բուժումից: 

«Բատկիվշչինայի» առաջնորդը բողոքել է դատախազությունում` պահանջելով ստուգել  հիվանդանոց իրեն տեղափոխելու օրինականությունը:  Հայտարարության մեջ նա մատնանշել է, որ տեղափոխման ժամանակ ոտքով խփել են իր  որովայնին, ինչպես նաեւ ոլորել են ձեռքերն ու ոտքերը: Ապրիլի 24-ին Խարկովին շրջանի դատախազ Գենադի Տյուրինը հայտարարել է, որ վերահսկիչ վարչության ստուգումը Տիմոշենկոյի խոսքերի ապացույց չի գտել: