Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը:
Քննարկվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման միջոցները եւս առաջիկա երկու տարիներին կուղղվեն մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:
Կարեւորելով ՀՍՆՀ երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի արագ մեկնարկը` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրի վերջնական ուղղությունները կհստակեցվեն մայիսի երկրորդ տասնօրյակում: Մինչ այդ կողմերը սեղմ ժամկետներում կավարտեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի արդյունավետությունը` ընդգծելով դրա նշանակությունը տարածքների համաչափ զարգացման առումով:



























