Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է լուրերը, թե իրենց թեկնածուն ընտրակաշառքներ է բաժանում կամ նման խոստումներ տալիս:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին կրկին իր անապացույց եւ սադրիչ հայտարարություններով է սկսել հանդես գալ թիվ 7ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ նրա նախընտրական շտաբը: Մինչ վերջերս հետապնդման մոլուցքով տառապող այդ թեկնածուն եւ իր կողմնակիցները այժմ էլ սկսել են մեղադրել նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին` իբր «ընտրակաշառքներ» բաժանելու կամ նման խոստումներ տալու մեջ: Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ պնդումներն ամբողջովին հիմնազուրկ են եւ ընդամենը բխում են իր մոտալուտ ջախջախիչ պարտությունն ակնհայտորեն զգացող Նիկոլ Փաշինյանի ընտրական մարտավարությունից: Մեր կողմից բազմիցս նշվել է, որ այդ մարտավարության հիմնական մեխն ի սկզբանե եղել է սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով թիվ 7 ընտրատարածքում ընտրությունների ընթացքի վրա ստվեր գցելը: Դրա վկայություններն են ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ջանքերով հրահրված միջադեպերը, Սամվել Ալեքսանյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարություններն ու քարոզչական նյութերը, ինչպես նաեւ հիմնազուրկ դիմումները զանազան պետական ատյաններ:
Սամվել Ալեքսանյանի ընտրական շտաբը` նկատի ունենալով թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրման իրական նպատակները, վերստին կոչ է անում ընտրատարածքի բնակչությանը զերծ մնալ այդ թեկնածուի կողմից հրահրվող սադրանքներից:
Համոզված ենք, որ բոլոր նման անպատվաբեր գործողությունների պատասխանը մեր ընտրողները կտան մայիսի 6-ին իրենց քվեարկությամբ»:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ժամանակ բռնություն էր կիրառվել Փաշինյանի վստահված անձանց, այդ թվում ՀԱԿ թեկնածուների նկատմամբ: Նրանցից Բաբկեն Գարոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Հետագայում պարզվել էր, որ ծեծի ենթարկողը Մալաթիա Սեբաստիայում համատիրության ղեկավար է:




























