Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հրապարակած 4 բաց նամակներում կան խնդիրներ, որոնք մտահոգում են, բայց կան նաեւ չափազանցություններ: Այդ մասին, այսօր` ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Նույն հեղինակին ժամանակին տրվել է հնարավորություն, չմոռանանք այդ տարիների, մեղմ ասած, բացթողումները: Ու այդ դիրքերից միակողմանի գնահատական տալ` ես կարծում եմ` պատշաճ չէ»,-ասաց Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը նշեց նաեւ 2 բացթողումներ, որոնք ի հայտ են եկել Հ. Բագրատյանի կառավարության պատճառով: Այսպես` Հայաստանում մինչ այսօր չի ձեւավորվել արժեթղթերի շուկան, քանի որ հենց Բագրատյանի կառավարման ժամանակ առաջնային շուկան այդպես էլ չձեւավորվեց:

Երկրորդ` հայկական դրամը նախ մտցվեց թղթադրամի տեսքով, սակայն այնուհետ Հ. Բագրատյանը մտածեց, որ պետք է թղթադրամի հետ մետաղադրամ մտցնել` որպես մանրադրամ: Թ. Մանասերյանի կարծիքով` հենց այդ գործոնն առաջացրեց հիպերինֆլյացիա: