Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովին, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ:
Իր ելույթում կառավարության ղեկավարը Հայաստանի կառավարության ռազմավարությունը պայմանականորեն բաժանել է երեք կարեւոր հատվածների. «առաջինն իշխանավորներն են` ես եւ իմ գործընկերները»: «Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին: Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին: Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են: Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, որովհետեւ արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ: Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ»,- ասել է վարչապետը:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը», «Դատախազությունն ընդդեմ կոռուպցիայի» վերջերս հրատարակված գիրքը, ինչպես նաեւ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի գործունեությունը Հայաստանում: Համաժողովի ընթացքում հրապարակվել են նաեւ այս տարվա աշնանը հանրապետության բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որը կազմակերպել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը:




























