«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն ընտրություններին մասնակցում է «Միասին խմբագրենք Ազգային ժողովը» ուղերձով, քանի որ դա է իրեն հոգեհարազատ բառապաշար է: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Սաթիկ Սեյրանյանը, ով առաջադրվել է Երեւանի թիվ 4 ընտրատարածքում:
Միաժամանակ նա նկատեց, որ իր այդ ուղերձը ընկալել են ոչ միայն լրագրողները, այլեւ բոլոր մյուսները: Ս. Սեյրանյանի խոսքով, մարդիկ շարունակելով իր ուղերձն, ասում են, որ միայն ԱԺ-ն չէ, որ խմբագրման կարիք ունեն, այլեւ բոլոր ոլորտները :
Ըստ «168 ժամ» թերթի խմբագրի, ԱԺ-ն տարեց տարի դառնում է ավելի գորշ, ավելի անորակ: «Մարդիկ են գալիս, ովքեր ստիպողաբար են գալիս իրենց հասանելիք աշխատանքը կատարելու»,-ասաց նա, հավելելով, ի տարբերություն այդ մարդկանց, ինքը խորհրդարանում անելիք ունի:
Ի դեպ, վերջինս նկատեց, որ որոշ թեկնածուներ մարդկանց նույնիսկ որդիներին բանակից ազատելու խոստումներ են տվել, հետեւաբար մարդկանց մոտ պատգամավորի աշխատանքի, դերի մասին ամբողջովին աղճատված պատկերացում է ստեղծվել: Սեյրանյանին, անգամ ասել են, որ եթե այս կամ այն բանն անես, այսքան ձայն կապահովեն շենքում, ինչին նա պատասխանել է, որ եթե ունենար էլ այդ հնարավորությունը, չէր անի, քանի որ դա իր լիազորություններից դուրս է:
Սաթիկ Սեյրանյանի կարծիքով, տվյալ ընտրատարածքում հիմնական մրցակցությունն ընթանալու է իր եւ իշխանական թեկնածու` Արտակ Սարգսյանի միջեւ: Նա պատրաստակամություն հայտնեց բանավիճել Արտակ Սարգսյանի հետ, եթե որեւէ հեռուստաընկերություն կարողանա կազմակերպել այդ հանդիպումը:
Ի դեպ, Սաթիկ Սեյրանյանը հաշվարկել է, որ Արտակ Սարգսյանն ընտրողի ձայնը պատրաստվում է գնել 5 հազար դրամով, ինչը նրան պատկանող սուպերմարկետներում վաճառվող մեկանգամյա օգտագործման 250 ափսեի արժեքն է:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























