Հայ հեղափոխական դաշնակցությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված փաստաթղթերի փաթեթը ստանալու պահանջով: Կուսակցությունը նաեւ պահանջել է կառավարությունից՝ հստակեցնել արձանագրությունների նախապատրաստմանն ու ստորագրմանը վերաբերող որոշ հարցեր: Սակայն ԱԳՆ պատասխանը չի բավարարել ՀՅԴ-ին, ինչի կապակցությամբ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ԱԳՆ-ն այդպես էլ չի ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերող որեւէ փաստաթուղթ:

Վահան Հովհաննիսյանը կառավարությանը 10 օր է տվել՝ հարցերին ավելի մանրամասն պատասխանելու եւ անհրաժեշտ թղթաբանությունը ներկայացնելու համար: «Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ կողմերից ամեն մեկն իր ուզածով է մեկնաբանում արձանագրությունները: Այսպես, Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասում է, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, միեւնույն ժամանակ հայտարարում է, թե դրանց վավերացումը Թուրքիայի խորհրդարանում կապված է ղարաբաղյան հարցի հետ: Ես առաջարկում եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ հետեւել Էրդողանի օրինակին եւ հայտարարել, թե ի վիճակի չէ ազդել հայկական խորհրդարանում արձանագրությունների վավերացման վրա»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՅԴ հարցերին, ընդգծեց, որ հայ-թուրքական երկխոսությունը նախաձեռնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իսկ ԱԳՆ-ն զբաղվել է գործնական մասով: Նա նաեւ նշել է, թե ողջ թղթաբանությունն անցել է ԱԳՆ համապատասխան վարչություններով: Նախարարը նշեց, թե Հայաստանն ու Թուրքիան համաձայնել են ստորագրել արձանագրություններն առանց նախապայմանների, եւ որեւէ այլ պայմանավորվածություն գոյություն չունի: