Դեկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 11-ից ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները տեռորի ենթարկեցին Երեւանի Բուզանդի 83 հասցեում գտնվող բնակարանի բնակիչներին: Նրանք ծեծելով ու քաշքշելով անօրինական փորձում էին իրենց սեփական տնից վռնդել բնակիչներին: Այս հասցեում գտնվում է մոտ 132 քառ.մ տարածք, որի մի մասը՝ 65 քառ.մ մակերեսով բնակարանը, 2007 թվականին ճանաչվել է գերակա շահ, օտարվել է ու վաճառվել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Հայկ Բեգլարյանին: Օտարված տարածքին կից գտնվում է մոտ 61 քառ.մ մակերեսով շինություն, որը սեփականաշնորհված չէ եւ 91 թվականից ինքնակամ ապրում է Նունե Համբարձումյանի ընտանիքը: Մի խոսքով, օրենքով օտարված տարածքի բնակիչները լիարժեք փոխհատուցում չստանալու պատճառով հրաժարվել են պայմանագիր կնքել, քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականցման գրասենյակ» ՀՈԱԿ-ն էլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ բնակիչներին տարածքից վտարելու պահանջով:
Սակայն վտարելու դատավճիռը կայացվել է ոչ թե Բուզանդ 83 հասցեում գտնվող ամբողջ 132 քառ.մ տարածքի նկատմամբ, այլ 65 քառ.մ տարածքի: Սակայն ԴԱՀԿ-ի աշխատակիցներն փորձում էին անօրինական վտարել նաեւ մյուս հատվածի՝ չօտարված մոտ 61 քառ. մ տարածքի բնակիչներին, որի վերաբերյալ դատարանի ոչ մի փաստաթուղթ գոյություն չուներ: ԴԱՀԿ-ի աշխատակիցները, առանց աջ ու ձախ նայելու, այս ընտանիքի իրավապաշտպանին լսելու, մարդկանց այս ու այն կողմ էինք քաշում ու փորձում իրերը դուրս բերել: Տանտիրուհին բենզինով լի շիշը ձեռքին բռնած սպառնում էր այրել տունը, եթե շարունակեն դուրս տանել տան իրերը, բայց ոմն Հովհաննիսյան, որը ղեկավարում էր «քանդողների խումբը», կնոջ ձեռքից խլեց ու դուրս տարավ բենզինով շիշը:
Ներկաներից մեկը ահազանգեց ՄԻՊ գրասենյակ եւ քիչ անց դեպքի վայր ժամանեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս բանակցեց ԴԱՀԿ անկառավարելի աշխատակիցների հետ, բացատրեց, որ ԴԱՀԿ-ն անօրինական գործողություններ է իրականացնում, երբ առանց դատարանի վճռի մարդկանց վռնդում է իր սեփական բնակարանից: Երբ այստեղ նրանց սեւ գործը ժամանակավորապես ձախողվեց, վերջիններս տեղափոխվեցին եւ բռնի ուժով դուրս վռնդեցին արդեն օրենքով օտարված տարածքի տարեց կնոջը, ու երեք անչափահաս երեխաններին, փոքրիկը 2,5 տարեկան էր: Ի դեպ, Հայկ Բեգլարյանը այս տարածքի բնակիչներին, այսինքն՝ երեք ընտանիքի, փոխհատուցել է ընդամենը 21 միլիոն դրամով:




























