Հայ-թուքական սահմանի բացման դեպքում հնարավոր է քրդական ռազմական կազմակերպությունները Հայաստանում փորձեն գործունեություն ծավալել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը՝ ընդգծելով, որ ազգային անվտանգության մարմինները հնարավոր վտանգները կանխելու համար պետք է աշխատանք ծավալեն։ «Քրդերը կձգտեն գալ Հայաստան, որովհետեւ այն մոտ է Թուրքիային եւ նրանց նկատմամբ հասարակությունը կանխակալ վերաբերմունք չունի, ինչպես Թուրքիայում»,- ասաց պրոֆեսորը՝ ավելացնելով, որ սահմանի բացման դեպքում դեպի Հայաստան քրդերի հոսք կարձանագրվի։

NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում փորձագետ Արթուր Հակոբյանը նշեց, որ Թուրքիայում ապրող քրդերը հիմնականում դրական են վերաբերում սահմանի բացմանը, որովհետեւ սահմանի բացման դեպքում նոր աշխատատեղերի ակնկալիքներ ունեն։ Ըստ նրա՝ Թուրքիայի արեւելյան հատվածները (Արեւմտյան Հայաստան), որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, թույլ են զարգացած։ «Քիչ են որակյալ կլինիկաները, ժամանցի վայրերը, իսկ Անկարան եւ Ստամբուլը բավական հեռու են։ Բնականաբար քրդերը սահմանի բացման դեպքում Հայաստան կգան տվյալ ծառայություններից օգտվելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի սահմանամերձ վիլայեթների, Վանի, Մուշի բնակչությունը սահմանի բացման դեպքում մեծ թվով հայ զբոսաշրջիկների ակնկալիք ունի։

Խոսելով Թուրքիայի արեւելյան հատվածի տնտեսական զարգացվածության մասին՝ փորձագետը նկատեց, որ դրանք արեւմտյան վիլայեթների համեմատ թույլ են զարգացած։

«Արեւելյան շրջաններում անասնաբուծությամբ եւ հողագործությամբ են զբաղվում, Կարսում եւ Մուշում շաքարի գործարաններ կան, Վանում էլ ցեմենտի գործարան է գործում, բայց պետք է նշել, որ գներն այնտեղ ավելի բարձր են հայաստանյան գներից»,- նշեց Ա. Հակոբյանը՝ նկատելով, որ պետք չէ սահմանի բացման դեպքում թուրքական էժան մսի կամ ցեմենտի ներկրում սպասել։