«Հակառակ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադայի մտադրությունների՝ Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին դեկտեմբերի 1-ից հետո էլ շարունակում է գործել իբրեւ սրբատեղի, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետեւողական է լինելու, որպեսզի այն չվերածվի թանգարանի»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Մեսրոպ աբեղա Պարսամյանը։
Նշելով, որ Մայր Աթոռը դեմ չէ Սուրբ Խաչի՝ նաեւ որպես թանգարան գործելուն, տեր Մեսրոպը, սակայն, ընդգծեց, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե եկեղեցին շարունակի գործել իբրեւ ուկրաինահայ համայնքի հոգեւոր կենտրոն եւ ուխտատեղի։ Նրա խոսքով, հայկական կողմը մշտական կապի մեջ է Ուկրաինայի համապատասխան մարմինների եւ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյի հետ, եւ «ընթացքի մեջ գտնվող բանակցություններն, անշուշտ, դրական արդյունքի կբերեն»։
Հարցին՝ եթե բանակցություններն, այնուամենայնիվ, ցանկալի արդյունքներ չգրանցեն, ի՞նչ կերպ կվարվի Մայր Աթոռն այդ դեպքում, տեր Մեսրոպը համոզմունք հայտնեց, որ «այդ պարագայում կդիմեն համապատասխան գործողությունների, սակայն հուսով են նաեւ, որ տեղի հայ համայնքը նման բան թույլ չի տա՝ ստիպելով ուկրաինական իշխանություններին՝ հաշվի նստել իրենց հոգեւոր պահանջմունքների եւ իրավունքների հետ»։
Հիշեցնենք, որ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադայի՝ օրեր առաջ կայացրած որոշման համաձայն՝ տեղի Սուրբ Խաչ եկեղեցին 2009թ. դեկտեմբերի 1-ից պետք է ժողովրդագրական թանգարանի վերածվեր։




























