Ռուսաստանի ԱԳՆ-ում հիասթափված են ռուս երգիչ, Պետդումայի պատգամավոր Կոբզոնին ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու` ամերիկյան իշխանությունների հերթական մերժումից: Այդ մասին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս Վաշինգթոնին զգուշացրել է ստեղծված իրավիճակի անթույլատրելիության մասին, գրում է «Ռոսիսկայա գազետան»:

«Հիմնավորումը, որ Կոբզոնը սպառնալիք է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, լուրջ չի կարելի ընդունել», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին կրկին մերժել են ամերիկյան վիզա ստանալու հարցում, որը սառեցվել էր 18 տարի առաջ։ Նրան մերժել են քրեկան գործունեության կամ ԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած անձանց հետ ունեցած կապերի կասկածանքի հիմնավորմամբ։

Այս տարին Կոբզոնի համար հոբելյանական է՝ սեպտեմբերի 11-ին լրանում է նրա 75-ամյակը։ Իոսիֆ Դավիդովիչը նախատեսել էր այն նշել հրաժեշտի շրջագայությամբ։ Մայիս-հունիսին երգիչը նախատեսել էր ելույթ ունենալ նաեւ ԱՄՆ-ում՝ համերգներ տալով Նյու Յորքում, Չիկագոյում եւ Բոստոնում։