Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը շատ ցածր մակարդակի վրա է, նույնիսկ կարելի է ասել, որ ընդհանրապես գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 9-ի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի նախկին, տեղակալ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը:
Այսօր «Մարդու իրավունքները Հայաաստանում. Քաղաքական բանտարկյալների հիմնահարցը» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որը նվիրված է դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Գագիկ Ջհանգիրյանը, ելույթ ունենալով քննարկմանը, նկատեց, թե «Հայաստանում իրավական համակարգը սատկում է»: «Իհարկե արդարադատության համակարգը Հայաստանում երբեք կատարյալ վիճակում չի եղել, սակայն այսօր զոհված, սատկած վիճակում է»:,- ասաց Ջհանգիրյանը` շարունակելով. «Ինչ կարող ենք ակնկալել մարդու իրավունքների պաշտպանից, ով վարչակազմից անվտանգության երաշխիքներ է ուզում ու չի ստանում»:
Ընդդիմադիր գործիչը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի իրավական կենտրոնը քաղբանտարկյալների գործերով 20 բողոքներ է ուղարկել մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ մինչեւ փետրվարի վերջ կուղարկվի եւս 17-ը:




























