«Սկիզբ դնելով „Արեւելյան գործընկերության“ ծրագրին՝ Եվրամիությունը նպատակ ունի կայունություն եւ փոխզիջումային իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում, ինչը, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, շատ բնական է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց փորձագետ Երվանդ Բոզոյանը։
Նշելով, որ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների առկայության պարագայում ԵՄ հայտարարությունը խիստ տեղին է, փորձագետն ընդգծեց, որ Հարավային Կովկասում փոխզիջումային եւ փոխըմբռնման իրավիճակի հաստատման տեսանկյունից այն բավականին հետաքրքրական է։
Հարցին, թե տարածաշրջանում, այնուամենայնիվ, ե՞րբ կերեւան «Արեւելյան գործընկերության» առաջին արդյունքները եւ ի՞նչ կշահի այդ ծրագրից Հայաստանը, Ե. Բոզոյանը նկատեց, որ «նախագիծը ողջ Հարավային Կովկասի համար է եւ դրանից բխող արդյունքները, առանց բացառության, հավասարապես կարեւոր են լինելու տարածաշրջանային բոլոր երկրների համար»։ «Չեմ կարծում, որ տեսանելի արդյունքներ շատ շուտ կգրանցվեն, սակայն դրանք շատ էլ չեն ուշանա։ Խնդիրն այն է, որ տարածաշրջանային երկու երկրներ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, Ղարաբաղի հարցում միմյանց հետ հակասություններ ունեն, եւ երբ այդ հակասությունները լուծվեն, ինչն իմ կարծիքով այդքան էլ շուտ չի լինի, „Արեւելյան գործընկերության“ հեռանկարները, գուցե, ավելի իրատեսական կդառնան»,- եզրափակեց փորձագետը։




























