«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին քննադատել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չճանաչելու Հայաստանի իշխանությունների անսկզբունքային դիրքորոշումը:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշված է, թե «1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի է վերածել Արցախի տարածքները` ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների մշուշապատ եւ հետաձգված „հաշտեցման“, Ադրբեջանի կողմից պատերազմ չսանձազերծելու հայեցակարգի շրջանակներում: Իրերի նման դրությունը վկայում է, որ ԼՂՀ կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը չի համապատասխանում հռչակվածին»:
«Ժառանգություն» կուսակցությունը.
- հիշեցնում է, որ Արցախը եւ նրա կայացած ու տարեցտարի ամրապնդվող պետականությունը ոչ թե մարտավարություն են, որ նրա ճանաչմամբ սպառնանք Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը, այլ ազգային անվտանգության ռազմավարություն, որին պետք է օր առաջ հասնենք,
- հայտարարում է, որ ԼՂՀ անկախությունը` որպես ժողովրդի ու մարդու անօտարելի իրավունք, որն արտահայտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով եւ ամրագրվել ԼՂՀ Սահմանադրությամբ, ոչ թե քննարկման, այլ ճանաչման առարկա է: ԼՂՀ անկախությունը բանակցությունների ժամանակ, այն էլ` Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչների բացակայությամբ, քննարկման առարկա դարձնելու ցանկացած փորձ ԼՂՀ ժողովրդի իրավունքի ոտնահարում է:
- քննադատում է Հայաստանի իշխանությունների անսկզբունքային դիրքորոշումն ու ԼՂՀ անկախության ճանաչումից անհիմն հրաժարվելը:
- ճանաչում է ԼՂՀ անկախությունը եւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում հետեւել այդ որոշմանը:




























