Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը X-ի իր էջում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ կապված հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման հետ։

«Այսօրվա իրադարձությունը կարևոր հանգրվան է տարածաշրջանային փոխկապակցվածության և խաղաղության ամրապնդման համար։ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները հանդիպում են անցկացրել Թուրքիայի Կարս քաղաքում, որի ընթացքում հայտարարվել է Կարս-Գյումրի երկաթուղու վերակառուցման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս երկաթգիծն ավելի քան մեկ դար եղել է տարածաշրջանը միավորող առևտրային և տարանցիկ առանցքային երթուղի՝ ընդհուպ մինչև 1993 թվականի հուլիսը, երբ վերջին գնացքը հատեց թուրք-հայկական սահմանը», - գրել է դեսպանը։

Ըստ նրա՝ ձեռք բերված առաջընթացն արտացոլում է «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» նախաձեռնության շրջանակներում առաջ մղվող տեսլականը, ինչպես նաև համահունչ է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի գլխավորությամբ Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին։

Դիվանագետն ընդգծել է, որ ողջունում է Անկարայի և Երևանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը։ Նրա գնահատմամբ՝ ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված ու խաղաղ մի տարածաշրջան, որի զարգացումը համապատասխանում է կայունության և բարօրության ապահովմանն ուղղված կուրսին։

Կարսում կայացած հանդիպումն անցկացվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակում։ Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով աշխատանքային խմբի ստեղծումը դիտարկվում է որպես այդ ուղղությամբ ձեռնարկված առանցքային գործնական քայլերից մեկը։